Հայաստանի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը՝ 69 կողմ, 31 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով, փոխանցում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
Օրինագիծը նախատեսում է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բարձրաստիճան անձանց, աշխատավարձերի բարձրացում:
«Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները դեմ են արտահայտվել օրինագծին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ քաղցից չտառապող մարդիկ բարոյական իրավունք չունեն կողմ քվեարկել իրենց աշխատավարձի բարձրացմանը, երբ Հայաստանի միլիոնից ավելի բնակիչներ թերասնվում են:
Նման տեսակետ է հայտնել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Այն ժամանակ, երբ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, պետք է մտածել բոլորովին այլ խնդիրների կարգավորման մասին»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրինագծի մի շարք դրույթներ բացասական արձագանք են առաջացնում, սակայն պետք է հիշել, որ օրենքը վերաբերում է ոչ միայն 600-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ տարբեր մակարդակի 164,5 հազար պետական աշխատողներին. «Սա աշխատավարձերի հաշվարկման միասնական համակարգին անցնելու հերթական քայլն է, որը մենք համարում ենք անհրաժեշտ: Մենք առաջին ընթերցմամբ հավանություն կտանք, ինչից հետո առաջարկներով հանդես կգանք», – նշել է նա:
Օրինագիծը նաեւ նախատեսում է պետական ծառայողների համար սահմանել բազային դրույքներ եւ գործակիցներ. 20՝ նախագահի համար, 18՝ վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի, 12՝ նախարարների եւ այլն:
Բազային դրույքն այժմ կազմում է 40 հազար դրամ, սակայն 2014թ. հուլիսի 1-ից այն մտադիր են հասցնել 66,1 հազ. դրամի: Փաստացի, պետական պաշտոնյաների նվազագույն աշխատավարձը կավելանա 60-ից 100 հազար դրամով:





























