Հարկավոր է հասկանալ եւ Վարդան Պետրոսյանի, եւ զոհվածների ընտանիքների ողբերգությունը, նոյեմբերի 11-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ ցանկանում սուրճի բաժակով գուշակություններ անել այն մասին, թե ինչ կլիներ, եթե դեպքերն այլ կերպ ընթանային: Չեմ ցանկանում սուրճի բաժակով գուշակություններ անել ու դատել, թե «ինչ կլիներ, եթե»...
Ես կարող եմ հասկանալ եւ հարազատներին կորցրած ընտանիքի, եւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վիշտը, որը ակամայից հայտնվել է նման իրավիճակում», – ասել է Շարմազանովը: Նա դեմ է ծայրահեղ կարծիքներին, թե «Վարդան Պետրոսյանին անպայման պետք է բաց թողնել» կամ «Վարդան Պետրոսյանին անպայման պետք է նստեցնել»: «Մարդկային մեծ ողբերգություն է կատարվել, իսկ իրավական գնահատականները իրավապահների գործն է», – հավելել է փոխխոսնակը:
Վերջիններիս պրոֆեսիոնալիզմի հարցում, ըստ պատգամավորի, կասկածներ լինել չեն կարող. «Սա նկատել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանը»:
Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՅԴ միջնորդության հարցին ի պատասխան Շարմազանովը նշել է. «Միջնորդելը պատգամավորի իրավունքն է: Օրենքին չհակասող բոլոր նախաձեռնություններին ես հարգանքով եմ վերաբերվում: Այս մասին դիրքորոշումը կարելի կլինի արտահայտել քննարկումների ընթացքում»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 20-ի երեկոյան խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին: Վթարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նրանց թվում՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որը մեքենաներից մեկի վարորդն էր: Տուժածներից երկուսն ավելի ուշ վախճանվել էին, Պետրոսյանին օրերս կալանավորել են:





























