Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաեւ հավելել, որ Երեւանի քաղաքապետի յուրաքանչյուր այցով սկիզբ է դրվում մի նոր ծրագրի իրականացման, ինչն ինքնին արդեն իսկ խոսում է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների արդյունավետ համագործակցության մասին: Բակո Սահակյանն առանձնակի կարեւորել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը. «Ձեր այս նախաձեռնությունը, պարոն քաղաքապետ, ինչպես ճարտարապետական եւ մշակութային, այնպես էլ հայրենասիրական նշանակություն ունի, եւ դրա շնորհիվ գալիք սերունդները եւս, արժեւորելով հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վաստակը, իրենց հերթին կդաստիարակեն արժանի սերունդ»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը եւ վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում եւս աշխատանքները կլինեն շարունակական. «Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու եւ անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաեւ հավելել, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ են այցելել նաեւ զբոսաշրջության ոլորտի երեւանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանոթանում են ԼՂՀ-ի սպասարկման ոլորտի հնարավորություններին` դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու նպատակով:

Այնուհետ  ԼՂՀ  նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների այգու նախագծի եռաչափ տարբերակը, որն արժանացել է հավանության:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի այգին հնարավորին կարճ ժամկետներում հանձնվի շահագործման ու լիովին ծառայի իր նպատակին:

Շուրջ  2  հա տարածք զբաղեցնող այգին հանգստյան նոր գոտի կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: