«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը այսօր՝ մարտի 31-ին հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորներին ներկայացրել է բուհերի հավատարմագրման գործընթացի կազմակերպման հիմնական մոտեցումները եւ մեխանիզմները։
ՈԱԱԿ ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվում է գործընթացի մեկնարկը չհետաձգելու նպատակով սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում բուհերի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել այսօր առկա մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ 2010-2011 թվականները կարող են դառնալ նախապատրաստական շրջան, որպեսզի համակարգում հնարավոր լինի որպես «չափման գործիք» ներդնել ու կիրառել ուսումնառության արդյունքները։ Սա ենթադրում է մասնագիտությունների կրթական չափորոշիչներից մինչեւ առարկայական ծրագրերի մակարդակ՝ ուսումնառության արդյունքներով հստակ նկարագրել, թե տվյալ մասնագիտությունը ուսանելիս ուսանողներին ո՞ր փուլում ի՞նչ է սպասվում։ Այսինքն, ի՞նչ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ պետք է ունենան նրանք այս կամ այն փուլում։ Նման նկարագրությունը կօգնի կրթական գործընթացն ու դրա արդյունքը դարձնել չափելի ու թափանցիկ բոլորի համար՝ թե՜ ուսանողների, թե՜ դասախոսների, թե՜ Ձեր՝ ղեկավարների եւ թե՜ գործատուի համար,- նշել է Ռ. Թոփչյանը:
Որակի ապահովման նոր մոտեցումների առանցքն այն է, որ յուրաքանչյուր բուհ ինքն է պատասխանատու կրթության որակի ապահովման համար, եւ որակի արտաքին ապահովման գործընթացները, որոնք իրականացնելու է ՈԱԱԿ-ը, հենվելու են որակի ներքին ապահովման գործընթացների վրա։
Նախապատրաստական փուլից հետո ՈԱԱԿ-ը նախատեսում է իրականացնել կրթական ծրագրերի ատեստավորում (2011-2013թթ), դրանից հետո արդեն ենթակառուցվածքային փորձաքննություն, որի կիզակերտում կրթական միջավայրի համապատասխանության ուսումնասիրությունն է, եւ ի վերջո՝ գործընթացներն ավարտել կրթական ծրագրերի հավատարմագրումով (2013-2015)։
Տեղադրություն




























