Հայաստանում Վերահսկիչ պալատը չի կարող անկախ մարմին լինել, որքան էլ պնդեն հակառակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին:
Արզումանյանը նշել է, որ դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը՝ հավելելով, որ այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա: «Դուք դեմքի խելացի արտահայտությամբ այստեղ հայտարարում եք, որ անկախ մարմին եք, իսկ մենք լուրջ դեմքի արտահայտությամբ ձեւ ենք անում, որ հավատում ենք դրան: Գիտեք՝ սա ժամավաճառության նման է կարծես: Կոմսոմոլի ժամանակներից Դուք նոմենկլատուրայի մի մասն եք եղել, եւ չեմ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք աշխատել»,-հայտարարել է Արզումանյանը:
Նա հիշեցրել է, որ բոլոր պետական մարմինները հայտարարում են իրենց անկախության մասին: «Տնտեսական մրցակցության հանձնաժողովից ասացին, թե Հայաստանում շաքարի մենաշնորհ չկա, որ «Կոկա-կոլա» ընկերությունը մի քիչ շաքար է բերում, հիմա ստացվում է, որ եթե քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր ա բերել ֆրանսիայից, դրանով խախտել է մենաշնորհի առկայությունը: Այսպես եք հիմնավորում դուք: Եթե ուզում եք սրան մաս կազմենք, եկեք անեն… Նույնն է, որ ասես քրեակատարողական հիմնարկի պետը վերահսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին գործողությունները՝ սա աբսուրդ է: Դուք ընդամենը մեծ ՔՀԿ-ում սմենի պետի պարտականություններ եք իրականացնում: Դուք չեք կարող համարվել անկախ մարմին և ցանկացած ղեկավար, որ առաջադրվեր՝ դեմ էի քվեարկելու»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը:





























