Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդության օրվա առիթով մի քանի  ուսանողական խորհուրդների պարգեւատրել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար:

Նա երիտասարդության օրա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ա. Աշոտյանը շեշտել է, որ պարգեւներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարեւոր կապիտալ է. «Ես, որպես կրթության եւ գիտության նախարար ակնկալում եմ հետեւողականություն կրթության որակի բարելավման հարցում: 

Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբեւէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական  կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով  կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձեւ՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաեւ կրթության որակի վրա: Այս իմաստով իմ պահանջներն ու ակնկալիքները, սիրելի ուսանողներ, ձեզանից մեծ են, ես խնդրում եւ պահանջում եմ՝ եղեք ավելի նախանձախնդիր եւ պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող  ցանկացած հարցում»,-իր խոսքում նշել է  Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կրթության որակի բերելավմանը միտված ՀՀ ԿԳՆ ծրագրերին, բուհերի դասախոսական անձնակազմի սերնդափոխությանը,  սփյուռքահայ ուսանողների իրավունքներին եւ մի շարք այլ խնդիրների:  Նախարարը նշել է, որ բուհական համակարգում արդեն ներդրված են կրթության որակի ապահովման բոլոր եվրոպական չափանիշները, սակայն, կարեւոր է նաեւ, որ ուսանողներն իրենք փորձեն լինել նախաձեռնող:

«Ինչու ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ որ Դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախորդ քննաշրջանում շուրջ 1800 ուսանողներ կանգնած են եղել բուհից դուրս մնալու եզրին: Նախարարի խոսքով սա ուսանողների մոտ 3,5 տոկոսն է եւ բավական մտահոգիչ ցուցանիշ է, որը միաժամանակ վկայում է, որ կրթության որակի չափանիշները բուհերում խստացվել են: ԿԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ չափանիշներ են սահմանվում ուսման վարձերի  վերաբերյալ:   Ա. Աշոտյանը հորդորել է օրենքի ընդունումից հետո լինել հետեւողական, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից:  Միաժամանակ ԿԳ նախարարի տեղեկացմամբ, հիմք ընդունելով կառավարության որոշումը, արդեն հաստատվել են սոցիալապես անապահով ուսանողների ցուցակները, ովքեր, ըստ իրենց սոցիալական անապահովության միավորի, ստացել են 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ: «Նախարարության կողմից 1000 ուսանողի զեղչ էր նախատեսված, սակայն  նախապես սահմանված  առաջադիմության չափանիշներին համապատասխանում էր  ընդամենը 200 ուսանող: Մենք երկու անգամ իջեցրեցինք միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը՝ հաշվի առնելով, որ ծրագիրը մեկնարկում է առաջին տարին ու ամեն դեպքում խոսքն անապահով ընտանիքների ուսանողների մասին է»,- նշել է նախարարը  եւ հավելել, որ ձեռնարկված քայլերի արդյուքնում  ավելի քան 700 անապահով ընտանիքների ուսանողներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից: