Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցների եւ պոչամբարների սպառնալիքների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանդիպման հիմնական նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքները:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հարցեր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի, վտանգավոր թափոնների կառավարման ազգային պլանի վերաբերյալ:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարություններից, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ից եւ Հայաստանի ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնից: Ներկա էին նաեւ մասնագետներ Հայաստանի ամերիկյան համալսարանից:
Նիստի ընթացքում ներկայացվեց ՀՀ 8 մարզերի տարածքում «Հայգյուղքիմիա» արտադրական միավորման շրջանային գյուղքիմիայի պահեստների եւ գյուղական համայնքներում թունաքիմիկատների նախկին պահեստների ուսումնասիրության վերաբերյալ ՄԱԶԾ եւ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի համատեղ հաշվետվությունը:
Ուսումնասիրված 78 օբյեկտներից 22-ում հայտնաբերվել են ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդների մնացորդներ: Հանրապետության մարզերից միայն Կոտայքի մարզում է, որ ուսումնասիրությունների ժամանակ չեն հայտնաբերվել որեւէ ոչ պիտանի պեստիցիդի մնացորդներ կամ հետքեր: Թունաքիմիկատների նախկին պահեստների գերակշիռ մասը սեփականաշնորհված է, շինություններն ավերված են կամ կիսաքանդ, տարածքներում առկա են ժամկետանց պեստիցիդների տարբեր տեսակներ եւ քլորօրգանական միացություններին բնորոշ սուր հոտ: Ընդհանուր առմամբ՝ հաշվառվել է շուրջ 47 տոննա ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդ:
Ներկայումս աշխատանքներ են տարվում միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ խնդրին լուծում տալու ուղղությամբ՝ մշակվում են վտանգավոր թափոնների տեղափոխման, պահեստավորման կամ ոչնչացման եւ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու տարբերակներ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները քննարկեցին նաեւ հանրապետության տարածքում առկա գերատեսչական պատկանելություն չունեցող լքված պոչամբարների հարցը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետներին առաջարկվեց վտանգավոր թափոնների կառավարման ազգային պլանը մշակելիս սերտ համագործակցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ:





























