Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Երանուհի Թումանյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, այցելել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նա նշեց, որ բժիշկները նրա վիճակը բնորոշում են կայուն, միջին ծանրության:
«Ականատեսի խոսքով՝ վիճակը համեմատաբար ավելի լավ է, քան երեկ, պահման պայմաններից չէր դժգոհում, բժիշկների, անձնակազմի ուշադրությունից չէր դժգոհում, բոլոր անհրաժեշտ միջոցները կային»,- ասաց մամուլի խոսնակը:
Նա նշեց, որ հնարավոր է ՄԻՊ գրասենյակից նորից այցելեն դերաանին: Բայց առայժմ հարուցված քրեական գործի, ընտրված խափանման միջոցի մասին գնահատական չեն տա, քանի որ ընթանում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:




























