Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ` նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել հայտնի ֆինանսական բուրգի դատավարությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոն եւ Նոր մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 41-ամյա Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով:




























