Էդվարդ Սնոուդենը գաղտնի տեղեկությունների բացահայտման համար ոչ մի գումար չի ստացել: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Ռուսաստանում ամերիկացու շահերն է ներկայացնում:
«Նախ ասեմ, որ նա գաղտնիքները երբեք առեւտրի առարկա չի դարձրել եւ ոչ մի գումար չի ստացել տեղեկությունների համար: Ես վստահ կարող եմ դա հաստատել՝ նրա ներկա վիճակից ելնելով», - «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում ասել է Կուչերենան:
Փաստաբանի խոսքով՝ այժմ Սնոուդենի վիճակը նախանձելի չէ: Նա իր խնայողությունները գրեթե ամբողջությամբ ծախսել է սննդի, բնակվարձի եւ պաշտպանության համար: «Որոշ կազմակերպություններ եւ քաղաքացիներ նրան ուժերի ներածին չափով օգնություն են տրամադրում, այդ թվում՝ նյութական», - նշել է Կուչերենան:





























