Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ գործով քննիչ Հայկ Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ հանձնել է քննիչին բացարկ հայտնելու դիմումը, ներկայացրել է բողոք Վերաքննիչ դատարան՝կալանքի որոշումը փոխելու խնդրով, ինչպես նաեւ դիմել է ոստիկանապետին՝ քննիչի գործողությունների դեմ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով: «Խոսքը վերաբերում է այն պատմության, որ եկել, ասել է պաշտպանդ գնացել է խաշ ուտելու, առանց պաշտպանի ցուցմունք տուր, ես ուրիշ պաշտպան կհրավիրեմ: Նաեւ այն, որ ասել է դերասանը մեյմունություն է անում, այդ ամբողջը ներկայացրել եմ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ի դեպ, քննիչը այսօր ժամը 15.00-ին պետք է «Դատապարտյալների հիվանդանոցում» հանդիպի Վարդան Պետրոսյանին, փաստաբանը հույս ունի, որ վերջապես կտրամադրեն օրենքով իրենց հասնող բոլոր փաստաթղթերը: Այժմ մասնագետները աշխատում են վթարի մոդոլավորման վրա եւ առաջիկա օրերին կկարողանան ցույց տալ, թե ինչպես է այն եղել, ինչ արագությամբ են երթեւեկել մեքենաները, կորոշեն նաեւ վթարի ենթարկված մեքենաների դիրքերը եւ այլ ուշագրավ մանրամասներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: