Ճիշտ չէ ասել, որ քաղաքացիական ընդվզումները իշխանություններին չեն անհանգստացնում: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, չկա մի երկիր որտեղ ընդվզումներ, դժգոհություններ չկան, այլ հարց է, թե դա ինչ միջոցներով է արտահայտվում:
«Շանթին պետք է ընդունել այնպես, ինչպիսին կա, սակայն այդ ճանապարհը մեր ժողովրդի ճանպարհ չէ»,- նշեց Մկրտիչ Մինասյանը: Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի խափանման միջոցին, Մինասյանն ասաց, թե դա իրավական խնդիր է: Քաղաքական գործիչները պետք է զբաղվեն միայն քաղաքական գործունեությամբ, հեղաշրջման կոչեր չանելով: «Իսկ հեղաշրջման կոչերը արդեն քրեական պատասխանատվություն են իրենց մեջ կրում, իսկ ես, չլինելով իրավաբան, չեմ ցանկանում քրեական հոդվածներին պատասխան տալ»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ ունի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այստեղ անմեղության կանխավարկածի նման մի բան կա, քանի ես դեռ փաստաթուղթը չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել: Իր էության մեջ առավել ընդգծուն ամբարիշտ կերպար կա, իսկ դա հոգեկան խանգարման արդյունք է, թե ոչ, ես չեմ ակրող ասել»,- նշեց Մկրտիչ Մինասյանը եւ ավելացրեց, որ անձամբ ճանաչում եւ շփվել է Շանթ Հարությունյանի հետ:





























