ԱՄՆ-ի Կոնգրեսը պնդում է, որ Ազգային անվտանգության գործակալության կողմից չարաշահումները կատարվել են խորհրդարանի լիազորությունների սահմաններից դուրս:

«Հուսով եմ, որ մենք դաս քաղեցինք, եւ որ վերահսկողությունը շատ ավելի կխստացվի», - հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ենթահանձնաժողովի  նախագահ Ջիմ Սենսենբրեները՝ Եվրախորհրդարանում լսումների ժամանակ:

Բրյուսելի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ կոմերցիոն ընկերությունների մասնակցությունը զանգվածային լրտեսմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Microsoft-ի, Google-ի եւ Facebook-ի մենեջերները նույնպես հերքել են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքները:

Նրանք բոլորը հայտարարել են, որ իրենց սերվերների  նկատմամբ հասանելիություն ԱԱԳ-ին եւ որեւէ երկրի կառավարությանը չեն տրամադրել:

Հոկտեմբերի վերջին Washington Post-ը, Սնոուդենի տրամադրած նյութերը վկայակոչելով, գրել էր, որ ԱԱԳ-ն տեղեկություններ է ստացել Google-ի եւ Yahoo!-ի սերվերներից:

Նաեւ հաղորդվել էր, որ ԱԱԳ-ն եւ ՀԴԲ-ն տվյալներ են հավաքում Microsoft- եւ Facebook-ի սերվերներից՝  PRISM ծրագրի օգնությամբ լրտեսելով մարդկանց, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

ԱԱԳ-ի շուրջ ծագած սկանդալից հետո, ըստ The Guardian-ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը դիտարկում է գործակալության պետի պաշտոնում ոչ զինվորական շրջանակից մեկին նշանակելու հնարավորությունը: Դա ԱԱԳ-ի համար կարող է ավելի թափանցիկ գործակալության իմիջ ապահովել: