Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքներին` կապված քննիչի վարքի ու թույլ տրված օրինախախտումների հետ:
«Եթե քրեական գործի շրջանակներում տարակարծությունները երբեմն հանրային քննարկման մակարդակի են հասնում, նման բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության տիրույթում: Այս դեպքում, նախ հնարավոր է մեկնաբանությունները դիտվի հակառակ դիրքերում, բայց փաստաբանը տվյալ գործում ոչ միշտ է փաստաբանական էթիկայի շրջանակում մնում, եթե չասեմ՝ խոսքի պատճառաբանությունները, երբ որ փաստաբանները իրավաբաններ են եւ գիտեն քրեադատավարության օրենքը եւ լավ գիտեն ժամկետային սահմանափակումները տարբեր գործողությունների վերաբերյալ»,-ասել է Համբարձումյանը:
Վերջինս, ժամկետային սահմանափակումները ընդգծելով, նկատի ուներ Կոտայքի քննչական բաժնի պետի այն հայտարարությունը, թե երբ քննիչը զանգել է՝ պայմանավորվելու հիվանդանոց գնալու մասին, որտեղ պետք է քննչական գործողություններ լինեին, փաստաբանը պատճառաբանել է, թե չի կարող գնալ խաշի հրավերի պատճառով. «Եթե այդ դեպքում քննիչը տեղեկացնում է, որ փաստաբանը ներկա գտնվի իր պաշտպանյալի քննչական գործողություններին, փաստաբանը առանց տարակուսանքի հայտարարում է, թե ժամանակ չունի, գնալու է խաշ ուտելու, սա նշանակում է, որ իր պաշտպանյալի հանդեպ այլ մտեցում ունի»:
Դիտարկմանը, թե փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հերքել էր, որ նման բան է ասել՝ նշելով իր առողջական վիճակը, որի դեպքում խաշ չի թույլատրվում, Համբարձումյանը հակադարձել է, թե իրենք արդեն արձանագրություն են կազմել եւ որոշել են շատ հետեւողական լինել: «Արձանագրություն պետք է կազմվի, որովհետեւ փաստաբանը չի ներկայանում քննչական գործողությունների, իսկ քրեական դատավարության օրենքը ժամկետի հետաձգումներ չի նախատեսում այդ գործողության համար այս ժամկետը, մեղադրանքին՝ այս, դրանք կատեգորիկ ժամկերտներ են, հետեւաբար պետք է արձանագրվի»:
Հարցին, թե ինչպես են վարվելու քննիչի հետ, ով իրեն թույլ է տվել անհարգալից վերաբերմունք, հմբարձումյանն ասել է. «Եթե քննիչը ոչ անհարգալից վերաբերմունք դրսեւորի ոչ միայն հանրությանը հայտնի, այլ սովորական քաղաքացու նկատմամբ, դա մեր շահերից չի բխում եւ մենք համապատասխան գործողություններ կնախաձեռնենք: Եթե նա, իրոք, արհամարհական մոտեցում ունենա գործող անցնող անձի նկատմամբ, իհարկե, պատժի կենթարկվի կարգապահական կանոնագրքով նախատեսված: Բայց պարզել ենք, որ քնիչի կողմից որեւէ խախտում չկա, հարցին կարելի է անդրադառնալ բարոյական սխալի տեսանկյունից»:
Նկատենք, որ Գագիկ Համբարձումյանը նկատի ունի քննիչի՝ Վարդան Պետրոսյանին դերասան ասելը: «Սթրես» կենտրոնում հարցաքննվելու ժամանակ բլանկը լրացնելու վերաբերյալ մասնագիտության հետ կապված քննիչը հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը, երեւի իր նախաձեռնությամբ հարցրել է մասնագիտությամբ՝ դերասա՞ն, նա էլ ասել է՝ դերասանը ես չեմ, մեծերն են՝ Վահրամ Փափազյան եւ այլն: Կարծում եմ՝ սա սովորական առօրյա խոսակցության պահ է, հետո, գիտեք ինչ, ցանկացած բառի մեջ կարելի է դնել եւ բացասական, եւ դրական շեշտադրում: Ինչ վերաբերում է դերասան բառը ռ-ով գրելուն, մեզ համար էլ գաղտնիք չէ՝ ով ինչպես է խոսում, շատերը հատուկ փափուկ շեշտեր են դնում, մենք քննիչի գործողություններում բարոյական սխալի պահը չենք հանդիպել»,-եզրափակել է Քննչական գլխավոր վարչության ղեկավարը:
Ինչ վերաբերում է նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետության նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում, Գագիկ Համբարձումյանն ասել է. «Եթե վերանայվի, կվերանայի այն մարմինը, որը այդ վերանայման իրավասությունը ունի, ոստիկանություն ու ոստիկանության մաս կազմող քննչական ապարատը վերանայման այդ իրավասությունը չունեն: Այդ իրավունքը մինչ դատական վարույթում դատախազությունը ունի, կամ դատական համակարգի վերաքննիչ օղակը»:





























