«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ն դադարեցրել է մասնակցությունը տրանսպորտի սակագնի քննարկման հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին եւ կոչ է անում մյուս անդամներին եւս այդպես վարվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
«Հանրությանը ոչինչ չասող հանձնաժողովում մենք կարող ենք չլինել եւ կոչ ենք անում մյուս անդամներին եւս վարվել այդպես»,- ասաց նա։ Բաբկեն Պիպոյանը մի շարք խնդիրներ մատնանշեց։ Նախ, նա ուշադրությունը հրավիրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի՝ «Տրանսպոտի ուղեվարձը թանկանալու է» հայտարարությունների վրա՝ նշելով, որ եթե տրանսպորտի սակագնին հանձնաժողովը չի անդրադարձել, ճիշտ չէ նման հայտարարություններ անել, իսկ հանձնաժողովը առայժմ քննարկել է ծախսային մասը։
Նա նաեւ նշեց, որ թեեւ հայտարարվել է, որ հանձնաժողովի կազմը փոփոխման ենթակա չէ, բայց հետո տեսանք, որ ենթակա է փոփոխության։ «Հանձնաժողովում շատերը առանց փաստաթղթի հետ ծանոթանալու, գալիս են քվեարկության, քվեարկում եւ հեռանում։ Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարող են օգուտ տալ հանձնաժողովի աշխատանքներին, ցույց են աալիս, որ աշխատունակ են, բայց հանրության կարծիքը քաղաքապետարանին հետաքրքիր չէ»,- ասաց հ/կ ղեկավարը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամներից շատերը ոչնչից տեղյակ չեն, մինչդեռ նրանք պետք է հասկանան, որ հաշվետու է հանրության առջեւ։
Մեր հարցին, թե ակտիվիստները ի սկզբանե զգուշացնում էին, որ հանձնաժողովի աշխատանքները նման ելք են ունենալու, ինչու գնացիք մասնակցելու դրա աշխատանքներին, Բաբկեն Պիպոյանն այսպես պատասխանեց. «Եթե հանձնաժողովի աշխատանքները ընթանում են սխալ հունով, երբեք ուշ չէ դրանց չմասնակցելը, ի սկզբանե պետք է գնալ եւ ավելին՝ ես կոչ էի անում, որ որքան շատ կարողանայինք ներկայացված լինել, այնքան ավելի ծանրակշիռ կարող էինք պայքարել։ Ակտիվիստներին առաջարկեցի, որ եթե կան խոցելի կետեր հանձնաժողովում, ապա հնարավոր կլինի պայքարել ոչ թե երկու, երեք, այլ տաս, տասներկու հոգով»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։





























