Տրանսպորտի նախարարությունն ու ոստիկանությունը չեն տուգանում երեւանյան ապօրինի տաքսիներին: Այս մասին այսօր հայտարարել են երեւանյան տաքսիստները, որոնք հավաքվել են «Նոյան տապան» մամուլի ակումբում եւ պատասխանել են NEWS.am-ի թղթակցի հարցերին: Տաքսիստների խոսքով՝ ՃՈ համատեղ խմբերը եւ տրանսպորտի նախարարության համապատասխան տեսուչները չեն իրականացնում այդ ստուգումները մինչեւ օրս:

Ինչպես տաքսիստներն են պնդում, քաղաքում կան միայն երկու կետեր, որտեղ համատեղ խմբերը ստուգել են տաքսիստներին: «Սակայն փաստացի, ապօրինի տաքսիները ոչ ոք չի ստուգում: Ստացվում է, որ նրանք երթեւեկում եւ վաստակում են այնքան, որքան մենք, սակայն հարկեր չեն վճարում»,-հայտարարել է տաքսիստ Սարգիս ՄաՃկալյանը:

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ, տաքսիստների իրավունքների պաշտպան Գեւորգ Դոստուրյանի գնահատականների համաձայն՝ միայն Երեւանում այժմ կա մոտ քսան հազար տաքսի, դրանց 50-70 տոկոսն ապօրինի է: