Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունն առաջադրում է նախագահը, իսկ խորհրդարանը հաստատում է այն կամ չի հաստատում, նոյեմբերի 12-ին գաղտնի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
«Եթե հաշվի նստենք յուրաքանչյուրի կարծիքի հետ, կխճճվենք, քանի որ կարծիքներն այնքան շատ են եւ դրանք այնքան կեղծ են, որ հաշվի առնելու անհրաժեշտություն չկա», - նշել է Աբրահամյանը եւ ընդգծել, որ չի փոշմանել բյուջեի թալանի մասին հայտարարելու համար, քանի որ վերջին խոսքն իրավապահներինն է:
Հարցին, թե ինչ է մտածում Իշխան Զաքարյանի առանձնատան մասին, Աբրահամյանը պատասխանել է, որ չի տեսել այդ առանձնատունը, հետեւաբար այդ հաշվով կարծիք չունի:
ԱԺ խոսնակը նշել է, որ բոլորը պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն Վերահսկիչ պալատի գործունեությանը եւ նպաստեն, որպեսզի ՎՊ-ն նորմալ աշխատի. «Մենք պետք է կարողանանք վեր հանել խնդիրներն ու խախտումները, որոնք համապատասխանում են իրականությանը, իսկ համապատասխան կառույցները պետք է իրենց գնահատականը տան:
Միաժամանակ, ԱԺ ամբիոնից գնահատականներ են հնչում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, հետեւաբար, հարկավոր է զերծ մնալ անհիմն մեղադրանքներից»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























