Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ բան փոփոխվի, ապա դա կարող է տեղի ունենալ առաջիկա տարվա ընթացքում, հետո իրադարձությունների նման զարգացումը ավելի պրոբլեմատիկ կլինի :Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նոյեմբերին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ մեր ադրբեջանցի հարեւանները մի փոքր զուսպ են դարձել: Դա կարելի է տեսնել նաեւ Թուրքիայի դիրքորոշումների մեջ, երբ որոշակի ակնարկներ են արվում՝ կապված հայ-թուրքական սահմանները բացել հետ»,-ընդգծել է Գագիկ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ կարծես թե կան բոլոր նախադրյալները ղարաբաղյան հարցում փոփոխություններ մտցնելու, հատկապես, երբ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը վերընտրվել են: Չնայած դրան, բանակցությունները բանակցություններ են մնում եւ կանխատեսել դրանց արդյունքները շատ բարդ է, քանի որ դրանք կարող են ընթանալ առանց էական արդյունքների, ինչպես որ միշտ, «սակայն, անկասկած, ցանկացած բանակցություններ պատերազմից նախընտրելի են»:

Անդրադառնալով Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինինսկիի՝ աղմուկ հանած հայտարարությանը, Հարությունյանն ընդգծել է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում, իսկ դա չի կարող չզգոնացնել թուրք-ադրբեջանական քաղաքական գործիչներին»:

Հիշեցնենք, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզնինսկին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը փորձի վերականգնել Ղարաբաղի հանդեպ իրավասությունը՝ դիմելով ռազմական, ուժային մեթոդին, ապա ռուսական բազան կարող է միջամտել հակամարտութանը՝ ՀԱՊԿ շրջանակներում առկա համաձայնագրին համապատասխան: