Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետեւանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը խստորեն դատապարտեց կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաեւ այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգեւորականաց դասին եւ ողջ ժողովրդին:
Նոյեմբերի 17-ին, Մայր Տաճարում հավարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաեւ աղոթք կկատարվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար:





























