«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կլինի դեկտեմբերի 14-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ հոր հետ խոսելու հնարավորություն չեն ունեցել, բայց մշտական կապի մեջ են նրա փաստաբանի հետ: Իսկ փաստաբանը ընտանիքին հայտնել է, որ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա գտնվում է կալանավայրում:
Ընտանիքը մեծ հույսեր է կապում դատավարության հետ եւ կարծում է, որ պետք է նրան տեղափոխեն Հայաստան՝ պատիժն հայրենիքում կրելու: «Եթե պատիժ պետք է կրի, ինչը անխուսափելի է, հույս ունենք, որ կբերեն Հայաստան: Չենք կարծում, թե մինչեւ Ամանոր դա կլինի, քանի որ դժվար մեկ դատական նիսոտվ ամեն ինչ որոշվի»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են մինչեւ սեպտեմբերի 13-ը: Մոսկվայի Տվերի դատարանը սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Նա երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, քանի որ սրտի շրջանում ցավեր ուներ:





























