Հունաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Թուրքիայի վարչապետի հայտարարություններին՝ կապված Կիպրոսի հետ: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:
Նախօրեին Լեհաստանում կայացած ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ «չկա Կիպրոս կոչվող պետություն»: «Կա հարավային Կիպրոսի վարչակազմ, քանի որ կա Հյուսիսային Կիպրոս, իսկ նրանց միջեւ կանաչ գիծ»,-Էրդողանի բառերը մեջբերում են հունական լրատվամիջոցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայի վարչապետի կողմից Կիպրոս պետության գոյության վիճարկումն, ի վերջո, պետք է արթնացնի միջազգային հանրությանը եւ ցույց տա այդ հարցի շուրջ Թուրքիայի իրական մտադրությունները: Այս պարագայում ցանկացած մեկնաբանություն ավելորդ է»,-ասվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:





























