Հայաստանի իշխանությունները ձախողել են Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցություններին: Այս մասին նոյեմբերի12-ին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը:

«Ես ցանկանում եմ որպես հարմար առիթ օգտվել այդ օրինագծից՝ ԼՂՀ-ի հարցում իշխանության քաղաքականության  նկատմամբ անվստահություն հայտնելու համար: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղը կորցրեց իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ: Դա խեղաթյուրեց հիմնախնդրի էությունը եւ այն վերածեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի», - ընդգծել է պատգամավորը:

Նա հավելել է, որ նման բովանդակությամբ վերջին բանաձեւը Եվրախորհրդարանն ընդունել էր հոկտեմբերի 23-ին, որը Հայաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունն է: «Գործող իշխանությունը պատկերացում չունի, թե ինչպես Ղարաբաղը վերադարձնի բանակցային գործընթաց, որը կհամապատասխանի Հայաստանի շահերին: Ավելին, արտաքին քաղաքականության մակարդակով քայլեր են արվում, որպեսզի 1988թ. հանուն  անկախության պայքարը դիտարկվի ոչ թե որպես ազգային վերածնունդ, այլ՝ զգացմունքային կործանարար պոռթկում», – կարծում է ընդդիմադիրը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am