Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժ կիրառելը, կամ բողոքի ակցիայի անցկացման անօրինական միջամտությունն ու խոչընդոտումը կրկին դառնում են համատարած եւ կրում են զանգվածային բնույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա իր ելույթում մասնավորապես, ասել է.
«Այսօր Բաղրամյան 26-ում հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան եւ տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ:
Բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինն ու անչափահաս երեխաները Էջմիածնից Երեւան են եկել՝ շարունակելու Խուդոյանի հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթն արտահայտեց ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող մայրն ասաց, որ կապվել է Աշոտ Խուդոյանի հետ, ով նրան հայտնել է, թե իրեն հոգեբուժարան են տարել, սակայն նա չգիտի, թե որ հոգեբուժարանն է դա:
Վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել բնակելի շենքերի հարակից տարածքների ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության եւ նրանց ապօրինի գործողությունները սպասարկող անձանց կողմից հարձակումները:
Դիմադրություն ցուցաբերողների նկատմամբ հարձակման եւ բռնի ուժի կիրառումը ոստիկանների կողմից այս պահին դյուրին է, քանի որ դիմադրության օջախները ցրված են եւ ոչ կանոնավոր: Այս իրավիճակը օգնում է բռնազավթիչներին երկարացնել իրենց ապօրինի գործունեության ժամկետը:
Ընդվզման ժամանակ քաղաքացիները հայտարարում են. «դիմադրության օջախները ծնվում են մեր մեջ ապրող առյուծից եւ ընվզում են մեզ շրջապատող բորենիների դեմ եւ հիշեցնում մեզ, որ նախկինում հայկական բարձրավանդակում բնակվում էին առյուծները: Զուգահեռ հայ ազգը պետք է վերածնվի եւ դառնա նոր առյուծ իր ազգի համար: Հազարավոր բորենիներ չեն կարող հավասարվել մեկ առյուծի, քանի որ առյուծը ծնվել է, որպեսզի հաղթի բորենիներին»:
Եկեք կազմակերպվե´նք, ցույց տանք դիմադրություն, միասնաբար առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ»:




























