Հայաստանի խորհրդարանի ամբիոնը վազանցի տեղ չի, որտեղ տարբեր քաղաքական ուժեր մրցակցում են իրենց հայրենասիրությամբ, սակայն մի հարցում մենք միասնական ենք, դա ղարաբաղյան հարցն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ներկայացնում է ողջ խմբակցության տեսակետը:

«Սա այն հարցն է, որտեղ կուսակցական դիվիդենտներ ստանալու համար էժանագին շոուների կազմակերպումն անթույլատրելի է: ԼՂՀ-ն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, եւ Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած հարցի քննարկումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, եթե կա Ղարաբաղի հստակ դիրքորոշումը»,-հայտարարել է Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծին:

ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով՝ եթե այս օրինագիծն ընդունվեր, ապա անվերադարձ կկորցնեինք միջազգային հանրությանը որպես գործընկեր: Միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կմտներ փակուղի եւ ֆիասկո կապրեր: «Եթե դա է նպատակը, ապա ես չեմ կարծում, որ 131 պատգամավորի համար դժվարություն չէր լինի օրինագիծ գրել Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ: Սա հերոսություն չէ, այլ արկածախնդրություն: Սա այն հարցն է, որի քննարկման ժամանակ պետք է իրատես լինել, ոչ թե տրվել զգացմունքներին»,-ընդգծել է Զոհրաբյանը: