ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչեւ մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը:

Այս առնչությամբ, նա ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշոել է.

«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ խնդիրը: Նախատեսվում է, որ այդ բաղադրիչի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից, այնինչ աշխատավարձը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում շոշափելի չափով բարձրացվելու է 2014 թվականի հուլիսի 1-ից միայն: Այս պայմաններում քաղաքացիների՝ սպառման նպատակով տնօրինվող եկամուտը առնվազն 5%-ով նվազելու է:

Ընդ որում, ընդամենը 1.5 ամիս է մնացել համակարգի գործարկման սկզբին, սակայն դեռեւս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության կազմակերպման համար լիցենզիա ստացած կազմակերպություն չկա:

Նման պայմաններում օրենքի ուժի մեջ մտնելը 2014 թվականի հունվարի 1-ից որեւէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Հակառակը, այն հղի է բազմաթիվ խնդիրներով, որի հետեւանքները համակարգի գործարկման ժամկետը չհետաձգելու պարագայում կարող են առանց այդ էլ լավագույն վիճակում չգտնվող սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի ապակայունացնել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչին վերաբերող դրույթներն ուժ մեջ մտնեն ավելի ուշ, օրինակ, մեկ տարի հետո, իսկ եթե մեկ տարով հետաձգումը հնարավոր չէ, ապա առնվազն 2014 թվականի հուլիսից»: