Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որեւէ հիմնավորում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ ամպագորգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը, խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա..

Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը եւ մենք վերջ տանք Մինսկի խմբի այսպես կոչված ձախողված բանակցություններին: Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ. Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը: Պատասխաններ չկան»,-ընդգծել է նա՝ հավելելով. «Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային եւ գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ հայանպաստ լուծումը:

Սա է միակ ճիշտ որոշումը»: