Չեմ կարծում, որ ազատագրական զինված պայքարին մասնակից որեւէ հայ մարդ երբեւիցե կցանկանա լարված  արտաքին քաղաքականության պայմաններում երկրի ներսում տեղիք տա տարբեր տեսակի ընդվզումների՝ դա լինի քաղաքական, սոցիալական, թե մեկ այլ բնույթի, բայց կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի եւ ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց եւ իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով, հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաեւ Շանթ Հարությունյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ազատամարտիկ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):

Նա իր ելույթում նաեւ ընդգծել է.

«Շանթը՝ 1990թ Մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած, արյամբ երդվյալ հրամանատարներից մեկն է: Նրանք 13-ն  էին: Երդումն էր. «Մինչեւ վերջ հավատարիմ մնալ ազգին, ժողովրդին, երկրի սահմանների պաշպանությանն ու Արցախյան ազատագրական պայքարին, եւ երբեք չխառնվել երկրի ներսում տարվող քաղաքականությանը»: Որպեսզի անտեղյակները պատկերացում կազմեն, թե ովքեր են եղել այդ 13 երդվյալները, կասեմ միայն նրանց անունները, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն՝ լուսահոգիներ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Սամվել Գեւորգյան, Միշա Մխեյան (Ոժդ), Արմենակ Արմենակյան, Վահան Զատիկյան փառք իրենց, իսկ ողջ մնացածներիցս՝ կուզեմ հիշատակել  Շանթ Հարությունյանի անունը:

Երդվյալներով կազմավորված համակարգիչ խորհրդի դերը երկրի այդ քաոսային եւ անկառավարելի  ժամանակներում, ոչ միայն հայրենիքի սահմանների պաշտպանությունն էր, այլ նաեւ բազում զինված մեծ ու փոքր ջոկատայիններին ետ պահողը քաղաքական լուրջ ընդհարումներից:

Այսօրվա ներքաղաքական  ընդվզումների պատճառը պետք է ման գալ մեկ այլ դաշտում, որտեղ իշխում է  քաղաքացու նկատմամբ սոցիալականան անարդարույթունն ու արժանապատվության  ոտնահարումը:

Ինչ խոսք, երկրի նախագահը հայրենասիրական դաշտի մարդ է, եւ երկրի արտաքին քաղաքականությունը տանում է աշխարհաքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակներին համաշունչ:

Բայց իշխանական բուրգը…

Իշխանական բուրգը, որը վարում է երկրի ներքին քաղաքականությունը, պատերազմի դադարից հետո աստիճանաբար սկսեց համալրվել այնպիսի մարդկանցով, ովքեր բոլորովին կապ չունեին պատերազմում հաղթանակած եւ արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության հետ: Երկրի իշխանավորները պետք է լինեին վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդիկ, ովքեր լավ գիտեին մեր ժողովրդի ցավն ու վիշտը, եւ արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը: 

Ահա նման իշխանական դաշտի ձեւավորմամբ է, որ մինչ այսօր տարված  կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ երկրում դրվեց հիմքը արտագաղթի, սոցիալական դժգոհության եւ քաղաքացիների արժանապատվության ոտնահարման:

Ես չեմ խրախուսում Շանթի արածը, բայց լինում են պահեր, երբ հոգու ցավից ձեռքդ ես կոտրում երկաթին խփելով: Շանթինը հոգու ցավ էր, հոգու ցավ»: