Հայկական իշխանություններն ու առհասարակ հասարակությունը պետք է համարձակություն ունենան Ղարաբաղյան խնդիրը կապել Հայաստանից արտագաղթի հետ: Այս մասին Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նշելով, որ Ղարաբաղի դե-յուրե ճանաչումը անկախ պետություն այդքան էլ նպատակահարմար չէ բանակցությունների այս փուլում՝ Հովհաննիսյանը կոչ է արել ուշադրություն դարձնել, թե ինչու Ղարաբաղյան հարցում առաջընթաց չի նկատվում:

«Մենք պետք է մեր առաջ ազնիվ լինենք ու խոստովանենք, որ ղարաբաղյան հարցի լուծումը կախված է նաեւ Հայաստանի անմխիթար տնտեսական դրությունից ու աճող արտագաղթից: Որքան արդյունավետ մենք լուծենք այս խնդիրները, այնքան շատ հնարավորություն կունենանք լուծել Ղարաբաղյան հարցը»,- հայտարարել է Հովհաննիսյանը: