Գեղարքունիքում երիտասարդն ամուսնացել է անչափահասի հետ, հղիացրել նրան ու կանգնել դատարանի առջեւ: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Սամվել Բ.-ն այս տարվա հունվարի 25-ին, ամուսնանալով Գեղարքունիքի մարզի անչափահաս բնակչուհի` Ե. Ա.-ի հետ, սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ տ16 տարին չլրացած անձի հետ: Այսինքն, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























