Ֆրենսիս Բեկոնի «Երեք էսքիզներ` Լյուսիեն Ֆրեյդի դիմանկարի համար» եռանկարը նոյեմբերի 12-ին Նյու Յորքի Christie՝s աճուրդում վաճառվել է 142,4 միլիոն դոլարով:
Agence France-Presse-ը հայտնում է, որ սակարկումը տեւել է 6 րոպե: Բեկոնի եռանկարի գնորդի անունը չի հրապարակվում: Մինչ աճուրդն սկսելը կտավը նախատեսել էին վաճառել 85 միլիոն դոլարով: Ադպիսով, Բեկոնի նկարը դարձել է արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարին, որը վաճառվել էր 119,9 միլիոն դոլարով, հայտնում է «lenta.ru»-ն:
Նյու Յորքի երեկոյան աճուրդում վաճառվել են նաեւ Ջեֆ Կունսի պողպատյա նարնջագույն «Փուչիկներից շունը»` 58,405 միլիոն դոլարով, եւ նկարիչ Էնդի Ուորհոլի ստեղծած «Կոկա-կոլան»` 57,285 միլիոն դոլարով:
Ուորհոլի «Կոկա-կոլա» գործը կազմակերպիչները նախքան աճուրդն սկսելը գնահատել էին 60 միլիոն դոլար: Հավաքածուատերերի ուշադրությանն էր ներկայացվել ինքնատիպ աշխատանք` «Կոլայի» շշի սեւ-սպիտակ պատկեր` մարդու հասակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Christie`s աճուրդում ներկայացվել էր նաեւ Ուորհոլի Mercedes-Benz W 196 R Grand Prix Car աշխատանքը: Չորսմետրանոց կտավի վրա պատկերված են 12 մրցարշավային մեքենաներ` տարբեր գունային լուծումներով, այն ստեղծվել էր Diamler ընկերության պատվերով, իսկ նոր սեփականատերն այն ձեռք է բերել 13,045 միլիոն դոլարով:





























