Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է երկրի բնակչության կողմից ապօրինի թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակի աճ եւ թմրամիջոցների նոր եւ վտանգավոր տեսակների տարածում: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Երեւանում Հայաստանի թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամոլության եւ թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանը, որը ներկայացրել է այս ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը 2012 թվականի ընթացքում:

Նրա գնահատմամբ` մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը նարկոլոգիական բուժօգնության նկատմամբ, ավելի վստահ են դիմում բուժում ստանալու նպատակով, ուստի եւ ավելի շատ դեպքեր են արձանագրվում:

Նա նշել է, որ ազգային զեկույցը ներառում է հանրապետությունում թմրամիջոցների առաջարկի եւ պահանջարկի նվազեցման ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների համառոտ ակնարկը, գնահատականները եւ վերլուծությունները:

Նշենք, որ Հայաստանում թմրամիջոցների եւ թմրամոլության վերաբերյալ ներկայացված ազգային զեկույցը 5-րդ նմանատիպ աշխատությունն է մեր երկրում թմրամուլության եւ թմրամիջոցների իրավիճակի վերաբերյալ: Այն օգտակար տեղեկատվության եւ վերլուծության աղբյուր է այս ոլորտում քաղաքականություն եւ գործունեություն իրականացնող պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների համար: