Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԼՂՀ  անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությանը: Այս մասին նոյեմբերի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ըստ նրա՝ ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները եւս մտադիր են հրաժարվել քվեարկությունից:

Այս որոշումը պատգամավորը հիմնավորել է նրանով, որ «դեմ» քվեարկելը սխալ կընկալվեր: Իսկ «կողմ» քվեարկելը կնպաստեր օրինագծի արկածախնդիր գաղափարներին:

«Սա արկածախնդրություն է: Առավել եւս, որ հենց ԼՂՀ-ում, մարդիկ, որոնք արյուն են թափել դրա ազատագրման համար, նման օրինագիծը վաղաժամ են համարում», - նշել է պատգամավորը՝ օրինագծի հեղինակներին առաջարկելով իրենց հայրենասիրությունը ցուցաբերել նման օրինագծերից հրաժարվելու ճանապարհով:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ է, իսկ դե յուրե ճանաչումը միջազգային քաղաքականության լուրջ հարց է:

Արդեն հաղորդվել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը հերթական անգամ Հայաստանի կողմից ԼՂՀ  անկախության ճանաչման օրինագիծ է ներկայացրել խորհրդարան: Այն ներկայացնող Զարուհի Փոստանջյանը նշել է, որ օրինագիծը ներկայացվում է 2007թ.-ից: Նախաձեռնությունը սատարում չի գտել ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլեւ ԼՂՀ-ում, որտեղ այն վաղաժամ են համարում: