Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան գերէմոցիոնալ բողոք էր, բայց այն իր մեջ իրական վտանգ չէր պարունակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:

Նա նշեց, որ Շանթ Հարությունյանի ակցիան միտված էր ներկայանալու իբրեւ պրոտեստ, սակայն լավ կյանքից չէ, որ նման բողոքներ են լինում:

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի գործած պայթուցիկ սարքերին, մահակներին, Անուշ Սեդրակյանն ասաց, որ ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ եւս փուչիկներ պայթեցրին ու ոչ մեկ չէր մտածում մարդկանց վնասվելու մասին: Իսկ մահակները, նրա խոսքով, մտնում էին սիմվոլիկ ատրիբուտիկայի պարագաների մեջ: Անուշ Սեդրակյանի փոխանցմամբ՝ առաջիկայում պետք է պահանջեն, որ այս երեւույթին վերաբերեն արդարության եւ հումանիզմի տեսանկյունից: «Իմ ամենակարեւոր մտավախությունն այն է, որ այս դեպքը հանկարծ որակվի օրենքի ամենախիստ տառով, որի արդյունքում մենք կորցնենք մի մարդու, որի նմանը Հայաստանը շատ չունի: Շանթին համարում եմ մարդ, որը իրոք տառապել է իր քաղաքական հայացքների համար»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ շեշտելով, որ սովետական մտածելակերպ է այլախոհ մարդուն համարել աննորմալ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am