Պատգամավորը փորձել է այցելել մի ձերբակալվածի, որին այցելել, քննիչի հանձնարարությամբ, չի կարելի՝ բացառությամբ նրա փաստաբանի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով, թե ինչու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին:
«Այս պարագայում բացառություն կարելի է անել միայն ձերբակալվածի փաստաբանի համար: Քննիչը նման որոշում է կայացրել՝ ելնելով հետաքննության շահերից: ՔԿՀ-ում մուտքն ազատ է, սակայն կալանավորին հետ տեսակցելու համար կա հստակ կարգ: Նախ դրան պետք է համաձայնի կալանավորը կամ ձերբակալվածը, բացի այդ այցելուն պետք է ունենա փաստաթղթեր, եւ պետք է տեսակցությունը թույլ տա նաեւ հաստատության ղեկավարը»,-ընդգծել է նախարարը:
Թովմասյանի խոսքով՝ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն թույլ են տվել մտնել մի ՔԿՀ, մյուսը՝ ոչ: ՔԿՎ ղեկավարը ծառայողական հետաքննություն է անցկացնում եւ եթե խախտումը հայտնաբերվի, համապատասխան մարդիկ կպատժվեն:
Ի պատասխան այն հարցին, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իրեն մեղադրում է օրենքը կամածին մեկնաբանելու մեջ, Թովմասյանը ընդգծել է. «Ինձ մեղադրելու փոխարեն թող Զուրաբյանը բողոքարկի ՔՎ ղեկավարի որոշումը դատարանում կամ դատախազությունում: Մյուս բոլոր հայտարարությունները, օդում են արված»:





























