Նոյեմբերի 6-ից նախագահական նստավայրի մոտ նստադուլ հայտարած, ապա նաեւ բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 13-ին հանդիպել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որից հետո քանդել է բերանի կարերն ու դադարեցրել հացադուլը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Խուդոյանը: Էջմիածնի բնակչին առավոտյան այցելել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտնել, որ Գևորգ Կոստանյանը ցանկանում է զրուցել նրա հետ:

Կոստանյանը հացադուլավորին խոստացել է նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի ընթացքին: Հանդիպումից հետո Խուդոյանը վերադարձել է Բաղրամյան 26 և ընտանիքի հետ գնացել Էջմիածին:

Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը հինգերորդ անգամ էր նստացույց հայտարարել նախագահականի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով իր 4-ամյա դստերը:

Նա նամակներ էր ուղարկել նախագահին և գլխավոր դատախազին՝ նրանց հետ տեսակցություն խնդրելով: Քաղաքացին պահանջում է, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն:

Հիշեցնենք նաև, որ Աշոտ Խուդոյանը երեկ կարել էր բերանը, իսկ առավոտյան շտապօգնության մեքենայով նրան ոստիկանները բռնի ուժով տարել էին Էջմիածնի հիվանդանոց, որտեղ ցանկացել էին նրա կամքին հակառակ քանդել կարերը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am