Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այնպես մեկնաբանեց օրենքը, որ այն նույնիսկ հակասեց Հայաստանի Սահմանադրությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ԱԺ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունից հետո:
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլ պատգամավորներ: Խորհրդակցության նպատակը պարզաբանելն էր, թե ինչու Փաշինյանին թույլ չեն տվել այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին, ինչպես նաեւ քննարկել դատապարտյալների պահման պայմաններին վերաբերող հարցեր:
Զուրաբյանի խոսքով՝ Թովմասյանը փորձել է մեկնաբանել օրենքն այնպես, որ ՔԿՀ ազատ ելք ու մուտք ունենալու պատգամավորի իրավունքը չի ենթադրում հանդիպում կալանավորների հետ: ՀԱԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Թովմասյանը կամայականորեն է մեկնաբանել օրենքը, քանի որ նա «չի կարողացել ապացուցել իր տեսակետը»:
Զուրաբյանը նաեւ վստահեցրել է, որ իրենք կշարունակեն ջանքերը, որպեսզի այդ անօրինականությունը վերացվի եւ մոտ ժամանակներս կորոշեն, թե որ ատյանին բողոքարկեն այդ որոշումը: «Արդարադատության նախարարը հակասում է օրենքի տառին եւ ոգուն: Նա փորձում է սահմանափակել պատգամավորի իրավունքները, միաժամանակ, մենք հակված ենք այն մտքին, որ ՔԿՀ-ում իսկապես բռնության դեպքեր են կատարվում, հակառակ դեպքում այսպիսի հակազդեցություն չէր լինի նախարարի կողմից»:
Ինքը՝ Թովմասյանը հայտարարել է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպել այն կալանավորի հետ, որի նկատմամբ քննիչի ցուցումով արգելված են բոլոր տեսակի հանդիպումները՝ բացառությամբ իր փաստաբանի:





























