Էլեկտրոնային դասամատյանները պատուհաս են դարձել մարզային դպրոցների ուսուցիչների համար։ Ավանդական դասամատյաններից բացի ուսուցիչներին պարտադրում են օրվա գնահատականները, տնային առաջադրանքերը և բացակայությունները լրացնել նաև էլեկտրոնային դասամատյաններում։

Աշակերտների ծնողները կարող են տնից dasaran.am կայքի միջոցով հետևել իրենց երեխայի առաջադիմությանը և ճշտել տնային հանձնարարությունները: «Եռակի աշխատանք ենք կատարում, որի համար մեզ չեն վճարում: Մատյանի մեջ լրացնելուց բացի, այդ գնահատականներն անցկացնում ենք մի առանձին թղթի վրա, որ հետո էլ էլեկտրոնային մատյանի մեջ ենք լրացնում», - NEWS.am-ին ասաց ուսուցչուհի Արմինե Մելիքյանը:

Ուսուցիչները դժգոհում են նաև նրա համար, որ դասասենյակներում համակարգիչներ չկան, հիմնականում մեկ համակարգիչ են տրամադրում այս նպատակով, դասերից հետո ստիպված են երկար մնալ դպրոցում, հերթ կանգնել, երբեմն էլ ինտերնետ կապի վատ լինելու պատճառով լրացված գնահատականները կամ տնային հանձնարարությունները չեն պահպանվում:

Դպրոցում կան ուսուցիչներ, ովքեր չեն տիրապետում համակարգչին և ստիպված խնդրում են կոլեգաներին օգնել իրենց: Ուսուցիչների համար համակարգչային դասընթացներ դպրոցում չեն անցկացրել։

«Էլեկտրոնային մատյանների ներդրման նպատակն այն է, որ ծնողները տեսնեն իրենց երեխան ոնց է սովորում, հաճախում է դպրոց, թե չէ, բայց շատ քչերն են մտնում նայում: Էլեկտրոնային տարբերակով երեխայի առաջադիմությանը չհետևելու պատճառներն էլ են տարբեր. մեծ մասը համակարգիչ չունի տանը, ոմանք էլ ցանկություն չունեն ուղղակի»,- ասաց ուսուցչուհին:

Երեք օր էլեկտրոնային մատյանը չլրացնելու դեպքում ուսուցիչները նկատողություն են ստանում: Էլեկտրոնային մատյանի համակարգը հանրապետության 1400 դպրոցից ներդրված է ընդհանուր առմամբ 756 դպրոցներում: