Հարավային Օսիան մտադիր է պահանջել Վրաստանից վերադարձնել «բուն օսական հողերը», մասնավորապես, Տրուսովյան կիրճը, որը ներկայումս գտնվում է վրացական պետության կազմում,- հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին։
«Մենք շատ լուրջ տարածքային հարցեր ունենք, որոնք հարկ կլինի բարձրացնել։ Եվ մենք առաջ կքաշենք այդ հարցերը։ Դա Տրուսովյան կիրճն է, որն այսօր ընդգրկված է վրացական Մցխեթա-Մտիանետի վարչական շրջանի կազմում։ Դա բուն օսական հող է, որն անհասկանալի պատճառներով խորհրդային ժամանակաշրջանում ինչ-որ ձևով հայտնվեց Վրացական ԽՍՀ վարչական կառավարման ներքո։ Այսօր պետք է առաջ քաշել այդ հողերը Օսիային վերադարձնելու հարցը»,- ասել է Կոկոյտին։
Ըստ նրա, խորհրդային ժամանակաշրջանում Օսիայի տարածքը անհասկանալի պատճառներով կրճատվում էր և դրա հաշվին ընդլայնվում էր Վրացական ԽՍՀ տարածքը։ «Այդ եզակի վայրերը, որտեղ ծնվել են մեր ժողովրդի ականավոր շատ ներկայացուցիչներ, չգիտես ինչու բաժին են հասնում Վրաստանին։ Սկզբունքորեն , դա Հարավային Օսիայի տարածքն է, սակայն հաշվի առնելով այն, որ Լենինոգորսկի շրջանն ամբողջությամբ վերահսկվում է մեր կողմից, մենք կբարձրացնենք այդ հարցերը, քանի որ դրանք մեր հողերն են»,- ավելացրել է Կոկոյտին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։



























