Տորոնտոյի սկանդալային հանրահայտ քաղաքապետ Ռոբ Ֆորդը քաղխորհրդին խոստովանել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ապօրինաբար թմրանյութ է օգտագործել: Նա նաեւ նախազգուշացրել է, որ, հնարավոր է, հետագայում հանրությանը հայտնի դառնան իր կյանքի այլ փաստեր, որոնք կարող են նոր սկանդալների պատճառ դառնալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քաղխորհրդի նիստի ժամանակ Տորոնտոյի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու եւ խորհրդի անդամ Դենզիլ Միննան-Վոնգը Ֆորդին հարցրել է, արդյոք նա վերջին երկու տարիներին թմրանյութ գնել է, թե ոչ:

Որոշակի դադարից հետո Ֆորդը դրական պատասխան է տվել, հավելելով, որ թմրակախվածության մեջ երբեք չի եղել եւ երիտասարդների համար օրինակելի է եղել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Time-ը:

Քաղխորհրդի անդամները բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով ներողություն խնդրել քաղաքից ու վայր դնել իր լիազորությունները: Դրա հետ մեկտեղ քաղխորհուրդը բավարար լիազորություններ չունի քաղաքապետին աշխատանքից հեռացնելու, սիկ քաղաքապետի հրաժարականի պահանջով նամակը, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրում:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆորդը կարող է ակադեմիական արձակուրդ գնալ: Ինքը Ֆորդն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը: