Պետբյուջեի մեխը եկամտային մասն է եւ 2014թ. պետբյուջեում որոշ ռիսկային մասեր կան:Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, նոր բյուջեով նախորդ տարվա համեմատ 99 միլիարդ եկամուտ պետք է ապահովենք: «Մեր դիտարկումներով ռիսկային մասեր կան, բայց նաեւ պետք է ասեմ, որոշ հաշվարկների դեպքում բյուջեն իսկապես եկամտային է: Ռիսկային կարող է լինել այն, որ այս տարվա բյուջեում վարչարարությունը բավականին կրճատվում է: Իսկ ՊԵԿ-ը կարծես ընդվզում է վարչարարության կրճատման հետ կապված»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նա ռիսկայնության հետ կապված նշեց նաեւ, որ շատ կարեւոր քայլ արեցինք պետական սեկտորի աշխատավարձի բարձրացման հետ կապված: «Ես դրական եմ վերբերվում, սակայն կա ռիսկայնություն աշխատավարձների բարձրացման հետ: Ի՞նչ կարող է լինել: Իմ կարծիքով՝ կա չնախատեսված գնաճ, որը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ: Մասնավոր սեկտորի հետ կապված եւս կարող ենք խնդիրներ ունենալ: Արդյոք պատրա՞ստ է մասնավոր սեկտորը այդ բարձրացումներին, թե՞ ոչ: Այստեղ ստիպված պետք է կատարի աշխատավարձի բարձրացում, բայց արդյոք դա չի բերի՞ գործազրկության, ՍՊԸ-ի փակման: Իսկ մեր բյուջեի մի մասը ապահովում է մասնավոր սեկտորը»,- նշեց պատգամավորը եւ ավելացրեց, որ նախապատրաստական աշխատանքներ էլ չեն կատարվել:





























