Պատժելիության ինստիտուտը Հայստանում կաղում է, որվհետեւ չարաշահումների դեպքում միայն աշխատանքից ազատում են, ինչը խնդիրը չի կարգավորում: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, եթե պատժելիության ինստիտուտը գործի, որեւիցե մեկը չի համարձակվի ձեռք մեկնել պետբյուջեի գումարներին: Նա առաջարկեց, որ ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: «Այսօր պաշտոնյաների պլանկան ընկած է, երբ փողոցում յուրաքանչյուր քաղաքացու հարց տաս, տասից ութը կասի, որ կարող է նախարար, վարչապետ աշխատել: Օրինակ են բերում, անեկդոտ պատմում: Իսկ, եթե պաշտոնյան գիտակցի, որ այդ ոլորտը ձախողելու համար ուղնուծուծով պատասխանտվության պետք է ենթարկվի, նման պատասխանատվություն չի ստանձնի»,- ասաց ԱԺ պատգամավորը եւ ավելացրեց, որ դա փորձաշրջան չէ:
Նա նաեւ նշեց, որ շատ երկրներում մի ոլորտի ձախողման համար նույնիսկ կառավարության հրաժարական են պահանջում: Վահրամ Բաղդասարյանը առանձնացրեց նաեւ գերատեսչություններում եւ առանձին ոլորտներում ինքնուրույնությունը մեծացնելու անհրաժեշտություն: «Երբ ինքնուրույնությունը մեծանում է, նաեւ պատասխանատվությունն է մեծանում»,- նշեց ԱԺ պատգամավորը:





























