Սայաթ Նովայում գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկաններին ոչ մի կերպ չհաջողվեց բանկ ներծուժած՝ «Տոնուսի» խաբված բնակարանատերերին դուրս բերել շենքից։  Այս պահին բանկի դուռը կողպված է, ոչ ոքի ներսուդուրս անել թույլ չեն տալիս։ Ներսում նաեւ մի քանի ոստիկան կա։ Բանկի աշխատանքը կաթվածահար է, աշխատողների մի մասին տուն են ուղարկել։

Բնակարանատերերից մեկի՝ Ավետ անունով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Նրա համար շտապօգնություն են կանչել, պարզվել է արյան ճնշումն է կտրուկ բարձրացել, առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո շտապօգնությունը հեռացել է։

Բնակիչները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ իրենց հանդիպումը բանկի կառավարչի հետ որեւէ արդյունք չի տվել, եւ իրենք պահանջում են եւս մեկ հանդիպում կառավարչի հետ, բայց արդեն լրատվամիջոցների ներկայությամբ։

Բնակարանատերերի մի մասը դրսում են, մյուսները՝ ներսում։ Խաբված բնակարանատերերն ասում են, որ այլեւս չեն հադուրժելու այս վիճակը եւ բանկից դուրս չեն գալու այնքան ժամանակ, մինչեւ իրենց բնակարանները գրավադրումից չհանեն ու չտան իրենց սեփականության վկայականները։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am