Այսօր Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո, ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջեւ հանդես էր եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:
Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում՝ ս.թ. նոյեմբերի 15-ին:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:
Ինչպես եւ նախկինում, 2013-ին եւս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:
«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսեւորվում են տեխնոլոգիաների եւ տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով եւ հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների եւ, որպես արդյունք՝ նաեւ տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սատարում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը, քանի որ այն հիանալի միջոց է համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտում Հայաստանի հեղինակությունն ու դիրքը ամրապնդելու համար»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը:
Մրցանակը հնարավորություն է ընձեռում խրախուսելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ մեծ կարեւորություն ունի աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների զգալի պոտենցիալ ունեցող երկիր ներկայացնելու առումով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է՝ հայաստանյան երիտասարդությունը տաղանդավոր է եւ ինքնազարգացման հսկայական ներուժ ունի: Հետեւաբար, անհրաժեշտ է աջակցել երիտասարդությանը՝ իր պոտենցիալն իրացնելու, ինքնադրսեւորվելու եւ զարգացման ուղին գտնելու գործում: Մրցանակը հնարավորություն է ընձեռում հայաստանցի երիտասարդների ուշադրությունն ուղղելու դեպի ՏՏ ոլորտը:































