Mercedes-AMG-ը ներկայացրել է իր համար սկզբունքորեն նոր մոդել՝ AMG GT SUV լիաչափ քրոսովերը։

Եթե նախկինում Mercedes-AMG-ի սպորտային քրոսովերները ստեղծվում էին սերիական Mercedes մոդելների վերափոխման միջոցով, ապա GT SUV-ը ամբողջովին ինքնատիպ մոդել է՝ կառուցված AMG EA հարթակի վրա, որը նախատեսում է բացառապես ամբողջովին էլեկտրական ուժային համակարգ, փոխանցել է Drom.ru-ն։ Սա նշված հարթակի վրա ստեղծված երկրորդ սերիական մոդելն է, առաջինը GT 4-Door Coupe սպորտային մեքենան էր։

Եվրամիության շուկայի համար GT SUV ամենագնացը կառաջարկեն երեք մոդիֆիկացիայով՝ 1) 53, 2) 55, 3) 63։

GT SUV 53-ը համալրված է երկու քարշային էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 544 ձիաուժ։ Մյուս երկու տարբերակներն ունեն երեքական շարժիչ։ 55-ի հզորությունը կազմում է 816 ձիաուժ, 63-ինը՝ 1 169 ձիաուժ։

Հիմնական տարբերակը 0-ից 100 կմ/ժ արագանում է 4,2 վայրկյանում, լավագույն ընթացքը՝ ընդամենը 2,7 վայրկյանում։ 53 և 55 մոդիֆիկացիաների առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ մակարդակով, իսկ 63 տարբերակինը՝ 270 կմ/ժ նշագծով։

Շարժիչները սնուցվում են գլանաձև բջիջներով մարտկոցից, իսկ ջերմաստիճանային ռեժիմի «խելացի» կառավարումն ապահովում է բարձր բնութագրերի պահպանում նույնիսկ երկարատև բարձր արագությամբ երթևեկության և ծայրահեղ ռեժիմների դեպքում։ Մարտկոցի տարողությունը GT 53 տարբերակում 116 կՎտ⋅ժ է, իսկ 55 և 63 տարբերակներում՝ 128 կՎտ⋅ժ։ Վերջին երկու տարբերակների մարտկոցային բլոկները դիմանում են մինչև 710 կՎտ հզորությամբ կայանից լիցքավորմանը, որի օգնությամբ 450 կիլոմետր ընթացքի համար բավարար պաշար կարելի է ստանալ ընդամենը 10 րոպեում։

Նոր քրոսովերի հիմնական համալրման մեջ ներառված է Active Ride Control+ ադապտիվ կախոցը, որը ճնշում է թեքումներն ու ճոճումները։ Հետևի առանցքը՝ ուղղորդմամբ։ Նոր AMG-ի շահագործման զանգվածը մոտ 2,5 տոննա է։

Sport+ ռեժիմը միացնելիս պրեմիում դասի աուդիոհամակարգի բարձրախոսների միջոցով սրահ է փոխանցվում AMG V8 ներքին այրման շարժիչի ձայնագրությունը, որը լսվում է դինամիկ արագացման ժամանակ։ Կա նաև փոխանցումների փոխարկման իմիտացիա՝ հատուկ ղեկային թիակների օգնությամբ։ Նստելատեղերում ներկառուցված վիբրոտարրերը ապահովում են նաև էլեկտրամեքենայի դինամիկ արագացման շոշափելի ընկալում։

Գերմանիայում նորույթը կվաճառվի 113 000 եվրոյից սկսվող գնով։