Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը քննիչին բացարկ հայտնելու երկրորդ միջնորդությունն է պատրաստում, այս անգամ՝ NEWS.am-ի հրապարակման հիման վրա: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնեց, որ գործով քննիչ Հայկ Հակոբյանին NEWS.am-ի տված հարցազրույցի հիման վրա («Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար») ինքը երկրորդ բացարկի դիմումն է պատրաստում Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն:

«Հոդվածը ինձ համար լրացուցիչ հիմք է հանդիսացել:  Որպես փաստաբան՝ պարտավոր եմ այդ հիմքը արտացոլել, իսկ դատախազը պարտավոր է հետամուտ լինել եւ եթե տեսնում է, որ քննիչը խոսում է իր կողմից քրեական գործը չցանկանալով վարելու մասին կամ վարկաբեկիչ բաներ է տարածում, ապա անպայման պետք է որոշում ընդունի նրան հեռացնել վարույթից: Ցավում եմ, որ այսպիսի անգործություն է դրսեւորվել այդ գործի նկատմամբ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: