News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝  ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:

Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:

Դուք մտածելու բան չունե՞ք:

Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով  նախատեսված է, թող դիմի:

Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:

Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:

Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:

Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:

Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:

Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:

Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:

Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:

Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:

Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է,  ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:

Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:

Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:

Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները: 

Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:

Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:

Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:

Ինքը ասում է, որ չի ստացել բողոքի որոշումները:

Ինձ չի հետաքրքրում՝ ինքը կստանա, թե չի ստանա, դա իր գործն է:

Դուք ձեր գործողությունները օրենքի շրջանակներո՞ւմ եք համարում, իսկ մարդկային առումով վատ չե՞ք զգում, որ առողջական վատ վիճակում գտնվող մարդուն կալանավորել եք:

Իհարկե, իմ բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են: Ես իրավասություն ունեմ եւ կալանքի միջնորդություն եմ ներկայացնել ըստ գործի տվյալների: Համենայն դեպս, օրենքից դուրս ոչինչ չեմ արել:

Փաստաբանն ասում է, որ Վարդանը ոչ խմած է եղել, ոչ քնած, ոչ էլ արագ է վարել, ի՞նչ կա փորձաքննության մեջ, որ ապացուցում է նրա մեղավորությունը:

Մենք դատարան ենք ներկայացրել այն բոլոր ապացույցները, որոնք հաստատում են իր մեղքը, որի հիման վրա էլ դատարանը կալանք է ընտրել: Իսկ մարդը համարվում է անմեղ այնքան ժամանակ, մինչեւ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Համենայն դեպս, մինչեւ դատավճիռը ինքը համարվում է անմեղ, մենք ընդամենը նախաքննություն ենք իրականացնում օրենքի շրջանակներում իր արարքին իրավական գնահատական են տալիս, մնացած դեպքերում, եթե կատարվում են դատավարական ինչ-ինչ խախտումներ, որոնք մարդուն զրկում են իր իրավունքներից, դա կարող են բողոքարկել ոչ թե հեռուստատեսությամբ շոու կազմակերպելով, կարող են բողոքարկել դատարան, դատախազություն օրենքին համապատասխան լուծում ստանալու համար:

Փաստաբանը նշում է, որ փորձաքննության հետազոտական մասում օբյեկտիվ բաներ կային, բայց հետեւությունը իրարամերժ էր:

Դա ընդամենը իր կարծիքն է: Փորձաքննության եզրակացությունը նախաքննական գաղտնիք է, չեմ կարող ասել:

Այժմ ստորագրահավաք են անում, երաշխավորագրեր են ներկայացնում, ի՞նչ կարծիքի եք, կփոխվի խափանման միջոցը:

Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, դատախազին թող դիմեն, դատախազը փոխի: Ես չգիտեմ՝ կփոխի, թե ոչ, ես դատախազ չեմ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ