Հնագետները ժամանակակից Բուլղարիայի տարածքում գտնվող հին Դեուլտում քաղաքում ուշ հռոմեական աշտարակի պեղումների ժամանակ հսկայական հռոմեական անոթի ներսում հայտնաբերել են մարդու կմախք, հայտնում է Live Science-ը։

Ենթադրաբար, մոտ 1600 տարի առաջ տղամարդը թաքնվել է անոթի մեջ՝ փրկվելով թշնամիների հարձակումից, սակայն զոհվել է, երբ հրդեհը պատել է քաղաքը։

Գտածոն արվել է Դեուլտումի արևմտյան դարպասների հյուսիսային աշտարակում՝ հռոմեական գաղութում, որը հիմնադրվել էր ժամանակակից Բուլղարիայի տարածքում։ Պեղումների ղեկավար, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հնագետ Լյուդմիլ Վագալինսկու խոսքով՝ մարդու մահվան ճշգրիտ հանգամանքները դեռևս հնարավոր չէ պարզել։ IV–V դարերում քաղաքը բազմիցս ենթարկվել է արևելագերմանական ցեղերի և հոների հարձակումներին։

Ենթադրաբար երիտասարդ տղամարդուն պատկանած աճյունները գտնվել են հսկայական կերամիկական անոթի՝ դոլիումի ներսում։ Կմախքի հետ հնագետները հայտնաբերել են երկու երկաթե դանակ և գոտի։ Դոլիումները անտիկ ժամանակների կերամիկական անոթների ամենախոշոր տեսակներից էին և օգտագործվում էին, մասնավորապես, ձիթապտղի յուղ և գինի պահելու համար։ Դրանցից ամենամեծերը տեղավորում էին ավելի քան 1000 լիտր, իսկ Դեուլտումում հայտնաբերված անոթի տրամագիծը կազմել է մոտ մեկ մետր։

Դոլիումի շուրջ հնագետները հայտնաբերել են հրդեհի բազմաթիվ հետքեր՝ մոխիր և ածուխ, աղյուսների և կղմինդրի բեկորներ, ածխանշված պատեր, ապակու հալված բեկորներ, ինչպես նաև ընտանի կենդանիների ոսկորներ։ Մոտակայքում գտել են մեծ քանակությամբ բրոնզե մետաղադրամներ, որոնք, հավանաբար, կորցվել էին խուճապի ժամանակ։

Հնագետները ենթադրում են, որ հարձակումից առաջ քաղաքի բնակիչները ամրոցում պատսպարել էին ընտանի անասուններին։ Վագալինսկու վարկածով՝ երիտասարդ տղամարդը հրդեհի ժամանակ բարձրացել է դատարկ անոթի մեջ, որպեսզի թաքնվի կրակից և հարձակվողներից։ Այն, որ նա հայտնվել է ներսում արդեն հրդեհի սկսվելուց հետո, կարող է վկայել նրա կմախքի տակ մոխրի առկայությունը։

Նախնական տվյալներով՝ հնագետները ողբերգական իրադարձությունը թվագրում են մոտավորապես մեր թվարկության 400 թվականով։ Տղամարդը, հավանաբար, մեկ երկաթե դանակը պահել է ոտքերի միջև, որպեսզի պաշտպանվի, եթե հարձակվողները նրան հայտնաբերեն, իսկ երկրորդը կրել է գոտուց։

Կմախքի դիրքը հիշեցնում է քնած մարդու կեցվածք։ Վագալինսկու խոսքով՝ ըստ ամենայնի, տղամարդը չի փորձել դուրս գալ անոթից։ Հարձակումից հետո Դեուլտումի բնակիչները հարթեցրել են ավերված աշտարակը և դրա վրա ստեղծել նոր, ավելի բարձր հատակ՝ չիմանալով, որ բեկորների տակ մնացել է զոհված մարդը։

Աճյունները ուղարկվել են Սոֆիա՝ ֆիզիկական մարդաբանության մասնագետի կողմից ուսումնասիրության համար։ Հնագետները նախատեսում են շարունակել պեղումները հաջորդ ամռանը, որպեսզի լիովին ուսումնասիրեն Դեուլտումի արևմտյան դարպասները և ճշտեն դրանց ժամանակագրությունը։ Ավելի վաղ այս տարի դարպասների մոտ գիտնականները հայտնաբերել էին հին զուգարան՝ լատրինա, որը թվագրվում է II–III դարերով։