Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ Կոնգրեսի հանրապետականների դժգոհությունը գնալով մեծանում է, գրում է «The Hill» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ սենատորներին անհանգստացնում է Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի զանգվածային փոփոխությունը, ինչպես նաև Իրանի հետ պատերազմն ավարտելու հստակ ծրագրի բացակայությունը։ Նրանք դժգոհ են նաև, որ վարչակազմը լրացուցիչ 70 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում ստանալու համար փորձում է ապավինել բացառապես հանրապետականների աջակցությանը։
Հեգսեթի և ազդեցիկ հանրապետականների միջև լարվածությունը կարող է սրվել աշնանը, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսի հրատապ ֆինանսավորում պահանջել՝ Իրանի դեմ ռազմական գործողության աճող ծախսերը հոգալու համար։ Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան վեց ամիս։ Սա զգալիորեն գերազանցում է Թրամփի նախնական կանխատեսումները, ով խոսում էր չորսից հինգ շաբաթվա մասին։
Հանրապետականները մտադիր են Պենտագոնից պարզաբանումներ պահանջել բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների հեռանալու վերաբերյալ։ Նրանց թվում է Բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ով այս շաբաթ հայտարարեց իր հրաժարականի մասին։
Հյուսիսային Կառոլինան ներկայացնող հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը, որը նախկինում ընդգրկված էր Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, մեղադրել է Հեգսեթին Պենտագոնն «ապաշնորհ ղեկավարելու» մեջ և կոչ արել Թրամփին պաշտոնանկ անել նրան։
«Ես երբեք չեմ տեսել, որ մեր երկրին ծառայող խիզախ տղամարդկանց ու կանանց այսքան ապաշնորհ ղեկավարեն։ Նա վախենում է կոմպետենտությունից և ազգային պաշտպանության ու մեր զինծառայողների բարեկեցության կենսական հարցերով զբաղվելու փոխարեն՝ կրկին մշակութային պատերազմներ է բորբոքում»,- X սոցիալական ցանցում գրել է Թիլիսը։
Նա Թրամփին կոչ է արել «գտնել Պենտագոնի նոր ղեկավարի, որը կպահպանի ու կաջակցի զինվորական կադրերին, այլ ոչ թե կթուլացնի նրանց շարքերը»։ Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել սենատորի հայտարարությունները։
Հանրապետականներին նաև ավելի ու ավելի է անհանգստացնում փորձառու և հեղինակավոր զորահրամանատարների հեռանալը։ Հեգսեթի պաշտոնավարման օրոք իրենց պաշտոններից հեռացել են, մասնավորապես, ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի նախկին պետ, գեներալ Ռենդի Ջորջը և Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն։
Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, սենատոր Մայք Ռաունդսը հայտարարել է, որ Դրիսկոլի հրաժարականն իրեն հիասթափեցրել է։
«Ես հիասթափված էի։ Կարծում եմ՝ նա բավականին վստահելի մարդ էր, ուստի շատ տխրեցի»,- ասել է Ռաունդսը։
Նրա խոսքով՝ Դրիսկոլը դժգոհ էր մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկությունից։ «Առաջին անգամը չէ, որ նման բան եմ լսում։ Կարծում եմ՝ սա հարցեր է առաջացնում, որոնք մենք կբարձրաձայնենք արձակուրդից վերադառնալուն պես․ որտե՞ղ է ղեկավարությունը»,- նշել է սենատորը։
Ռաունդսն ընդգծել է, որ Պենտագոնից հեռացել են «շատ լավ գեներալներ», որոնք մեծ փորձ ունեին ու գիտեին, թե ինչպես վերափոխել զինված ուժերը՝ նոր ռազմական տեխնոլոգիաներին համահունչ։
Որոշ հանրապետականներ կադրային փոփոխությունները կապում են ռազմական նորարարությունների շուրջ տարաձայնությունների հետ։ Ջորջն ու Դոնահյուն տարաձայնություններ ունեին Հեգսեթի հետ՝ Եվրոպայում անօդաչու գրոհային ուժերի հատուկ ստորաբաժանում ստեղծելու հարցում։ Այն պետք է ուսումնասիրեր դրոնների կիրառման մարտավարությունը, որն ակտիվորեն զարգացել է Ուկրաինայի պատերազմի ընթացքում։
Օգոստոսին ցամաքային զորքերի շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ Քրիստոֆեր ԼաՆիվը հրամայել էր այս ստորաբաժանման ուշադրությունը կենտրոնացնել իր հիմնական խնդրի՝ օդադեսանտային հետևակի վրա։
Թիլիսն ու Ռաունդսը կասկածի տակ են դրել անօդաչուների կիրառմամբ ինտենսիվ փորձարկումները դադարեցնելու որոշումը։ Որոշ հանրապետականների կարծիքով՝ Ուկրաինայի և Իրանի փորձը ցույց է տալիս, որ դրոնները կարող են դառնալ ապագա պատերազմների առանցքային տարրերից մեկը։
«Պատերազմի մասին մեր պատկերացումներն ու ընկալումները քննություն են բռնում Ուկրաինայում և Իրանում։ Դեն Դրիսկոլը հասկանում էր, որ գործելու հին մեթոդներն այլևս չեն աշխատում»,- հայտարարել է Թիլիսը։
Կապիտոլիումում նաև մտահոգված են՝ արդյոք Պենտագոնը կկարողանա՞ նույն ինտենսիվությամբ շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունը, եթե Կոնգրեսը մինչև սեպտեմբերի վերջ չհաստատի հրատապ պաշտպանական ֆինանսավորումը։
Օրենսդիրների մոտ հավելյալ հարցեր է առաջացնում ամերիկյան ուժերի տեղակայման երկարաձգումը։ Մասնավորապես, «USS Abraham Lincoln» ավիակիրը մոտ 260 օր ծովում մնալուց հետո միայն չորեքշաբթի օրը հասավ Թաիլանդի նավահանգիստ։
Միևնույն ժամանակ, հանրապետականները դժգոհ են, թե ինչպես է Հեգսեթի թիմը փորձում աջակցություն ստանալ պահանջվող ֆինանսավորման համար։ Ռաունդսի խոսքով՝ Պենտագոնի ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատել են հանրապետականների հետ, բայց գրեթե ոչինչ չեն արել դեմոկրատների աջակցությունը ստանալու համար։
«Նրանք խորհրդակցել ու աշխատել են միայն հանրապետականների հետ։ Բանակցային սեղանի շուրջ պետք է լինեն և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները։ Կարծում եմ՝ վարչակազմը պետք է փոխի մոտեցումը և երկրի պաշտպանության հարցը կրկին դարձնի երկկուսակցական»,- ասել է սենատորը։
Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Ռոջերսը նույնպես հայտարարել է, որ մտահոգված է Պենտագոնում կադրային անկայունությամբ։ «Հոգնել եմ այս մշտական վերադասավորումներից։ Ես կայունություն եմ ուզում»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, անգամ քննադատաբար տրամադրված հանրապետականները չեն շտապում բացահայտորեն պահանջել Հեգսեթի հրաժարականը, քանի որ չեն ցանկանում ուղիղ առճակատման մեջ մտնել Թրամփի հետ, ով հենց ինքն է նրան նշանակել Պենտագոնի ղեկավար:
Ինչպես նշում է «The Hill»-ը, այս աշուն Կոնգրեսի գլխավոր հարցերից մեկն այն է լինելու, թե արդյոք Հեգսեթը կկարողանա՞ ապահովել Իրանի հետ երկարատև պատերազմի ֆինանսավորումը՝ միևնույն ժամանակ պահպանելով հանրապետականների աջակցությունը Պենտագոնում ահագնացող կադրային և կառավարչական ցնցումների ֆոնին:




























