Եվրոմիության՝ մինչև 2030 թվականը արտաքին ներխուժումը հետ մղելու կարողությունը դեռևս հարցականի տակ է․ պատճառը ԱՄՆ-ից պահպանվող կախվածությունն է և ազգային պաշտպանական համակարգերի մասնատվածությունը։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական աուդիտորի զեկույցում, որին ծանոթացել է The Guardian պարբերականը։
Թեև ԵԱՊ-ն արձանագրում է, որ ԵՄ-ն այժմ անհամեմատ ավելի լավ է պատրաստված, քան նախքան Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը, իսկ մինչև տասնամյակի վերջը լիարժեք պաշտպանունակության հասնելու նպատակը լուրջ մարտահրավեր է մնում։
«Մինչև 2030 թվականը ԵՄ պաշտպանական պատրաստվածությունն ապահովելը դեռ բարդ խնդիր է», — հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մարեկ Օպիոլան, ով գլխավորել է Եվրամիության պաշտպանական քաղաքականության ստուգումը։ — «Խոչընդոտները լուրջ են․ ազգային համակարգերը մասնատված են, արտադրական հզորությունները՝ սահմանափակ, ու մենք դեռևս կախված ենք Միացյալ Նահանգներից»։
The Guardian-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ ԵՄ-ն «դեռ կարող է ակնառու առաջընթաց գրանցել», եթե կտրուկ ավելացնի պաշտպանական ծախսերը և արագացնի զինամթերքի արտադրությունը։
2020-2025 թվականներին ԵՄ երկրները 79%-ով ավելացրել են պաշտպանական ծախսերը․ սա ռուսական սպառնալիքի անմիջական արձագանքն էր և ՆԱՏՕ-ի թիրախային ցուցանիշներին հասնելու ուշացած փորձ։ 2024 թվականի նոյեմբերին ԵՄ-ն ի վերջո կատարել է Ուկրաինային 1 միլիոն արկ մատակարարելու խոստումը (ութ ամսվա ուշացումով)։
Մինչև 2030 թվականը լիարժեք պատրաստվածության հասնելու նշաձողը Եվրամիությունը սահմանել էր անցյալ տարի, երբ հետախուզությունը զգուշացրել էր, որ մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանը կարող է պատրաստ լինել Եվրոպայում մեծ պատերազմի։
Ֆինանսական վերահսկիչը զգուշացնում է, որ այս նպատակին հասնելու համար ստիպված կլինեն հաղթահարել լուրջ բարդություններ։ Աուդիտորներից մեկն այն ձևակերպել է որպես «ռազմավարական ինքնավարության ձեռքբերում» և «բարձր ինտենսիվության մարտեր վարելու կարողություն»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ավելի լավ է պատրաստված, քան 2019-ին, սակայն ազգային պաշտպանական ոլորտների ցրվածությունն ու կառավարությունների թույլ համագործակցությունը ծախսերի կրկնապատկման և ռազմական կարողությունների բացերի պահպանման լուրջ ռիսկեր են պարունակում։
Այս անսարքության ցայտուն օրինակ է (թեև զեկույցում այն չի հիշատակվում) 100 միլիարդ եվրո արժողությամբ համատեղ կործանիչի նախագծից Ֆրանսիայի և Գերմանիայի հրաժարվելը․ գլխավոր ընկերություններն այդպես էլ չկարողացան համաձայնել, թե ով է ղեկավարելու և վերահսկելու ծրագիրը։
Զեկույցում նշվում է նաև ճակատի հրատապ կարիքների և «գնիր եվրոպականը» քաղաքականության միջև հնարավոր հակասությունը, որը կոչված է արտասահմանյան մատակարարներից կախվածությունը նվազեցնելու համար։ Ըստ ԵԱՊ-ի վկայակոչած հետազոտության՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի հունիսը ԵՄ երկրների պաշտպանական գնումների 78%-ը բաժին է ընկել դաշինքից դուրս գտնվող մատակարարներին (ընդ որում՝ միայն ԱՄՆ-ին բաժին է ընկել 63%-ը)։
Ավագ աուդիտորը պարզաբանել է, որ ԱՄՆ-ից գնումներն աճել են Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, «ինչը հասկանալի էր, քանի որ ԵՄ-ին անհրաժեշտ էր գտնել արագ հասանելի միջոցներ»։ Նրա խոսքով՝ «իրավիճակի բարելավման առաջին նշաններն» արդեն նկատելի են, թեև վերջնական եզրակացությունների համար աուդիտորները դեռևս ամբողջական տվյալներ չունեն։
ԵՄ-ն պահանջ է սահմանել, որ պաշտպանական ընդհանուր ծախսերը ծառայեն եվրոպական պաշտպանական արդյունաբերությանը կամ դաշինքի հետ սերտորեն կապված երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան ու Նորվեգիան։
Ռուսական հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի մասշտաբային ու ավերիչ հարվածներով ուղեկցված ծանր ամառվանից հետո Ուկրաինան այս շաբաթ խնդրել է շրջանցել «գնիր եվրոպականը» կանոնը, որպեսզի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի հաշվին ամերիկյան զենիթային հրթիռներ ձեռք բերի Patriot համակարգերի համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինան «մի քանի միլիարդ եվրոյի» ֆինանսավորում է հայցել ՀՕՊ համակարգերի համար։ Հանձնաժողովի ներկայացուցիչը հստակեցրել է, որ Patriot-ի հրթիռների հայտը շեղում կպահանջի այն կանոնից, որն այդ վարկի շրջանակում պահանջում է եվրոպական բաղադրիչի գերակայություն ռազմական գնումներում։ «Վերջնական խոսքը անդամ երկրներինն է, և մենք, հարկավ, հույս ունենք, որ թույլտվությունը շուտով կտրվի», — նշել է նա։
Ավագ աուդիտորն ընդգծել է, որ արտերկրից գնումները երբեմն «կարող են արդարացված լինել»։ Ապա հավելել է․ «Նույնիսկ եթե գնում եք այն, ինչ սեփականը չունեք, միշտ պետք է ունենաք ռազմավարություն, թե ինչպես երկարաժամկետ կտրվածքով այդ կարևոր կարողությունը ձևավորեք Եվրոպական միության ներսում»։



























