Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «իրանական ռեժիմը փլուզման եզրին է, իսկ նրա տապալումը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում»։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, այս մասին նա ասել է հինգշաբթի օրը՝ Իսրայելի ռազմական ղեկավարության մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ։
«Այս ռեժիմն այժմ եզրագծին է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ, և պայքարում է իր գոյատևման համար»,— նշել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելն ի զորու է վերջնականապես վերացնել Իրանից եկող վտանգը։ «Համոզված եմ, որ մենք կարող ենք մեկընդմիշտ վերացնել այս սպառնալիքը, այսինքն՝ տապալել այդ ռեժիմը։ Սա մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է, և դրա լուծումը մոտ է։ Դա անհնարին չէ, այն միանգամայն իրագործելի է»,— ասել է վարչապետը։
Նեթանյահուի այս հայտարարությունը հնչել է Իրանի ուղղությամբ ամերիկյան հարվածների վերսկսման ֆոնին։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում, Հորդանանում և Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզում գտնվող ԱՄՆ-ի դաշնակիցներին, սակայն Իսրայելին չի հարվածել։
«Այն, որ նրանք մեզ չեն հարվածում, պատահականություն չէ։ Նրանք հարձակվում են բոլորի վրա, բացի մեզնից»,— ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները գիտակցում են «մեր հզորությունը, մեր զենքի ուժն ու մեր վճռականությունը»։
Նեթանյահուն տասնամյակներ շարունակ Իրանը որակել է որպես գոյաբանական սպառնալիք Իսրայելի համար։ Փետրվարի վերջին Իսրայելն ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ, սակայն ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարեց հրադադարի մասին։ Այս շաբաթ Վաշինգտոնը կրկին հարվածներ է հասցրել Իրանին և ուժեղացրել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է նաև Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Որոշ հարցումների համաձայն՝ վարչապետը զիջում է ընդդիմությանը, որի ներկայացուցիչները նրան մեղադրում են Իրանի հարցում վարվող քաղաքականության ձախողման մեջ։



























